Հայտնի է դարձել Իսպանիայում ձերբակալված ռուսական «օրենքով գողի» անունը (տեսանյութ)
Հայտնի է Իսպանիայի Մարբելյա քաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալված երեք «օրենքով գողերից» մեկի անունը։ Նրանցից մեկին Իսպանիայի իրավապահ մարմինները համարում են ռուսական հանցավոր աշխարհում ազդեցությամբ երրորդ անձը, հայտնում է «Փրայմ Քրայմը»։
Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը 39-ամյա «օրենքով գող» Իրակլի Պիպիյան է (Իկա Սուխումսկին)։ Նա գողական «տիտղոսը» ստացել է 2012 թվականի դեկտեմբերին Դուբայում կայացած հավաքի ժամանակ, որին մասնակցել են ազդեցիկ «օրենքով գողեր» Տարիել Օնիանին (Տարո) եւ Մերաբա Ջենգվելաձեն (Սուխումսկին)։
Իսպանիայում գործողությունների մասին հայտնի է դարձել օգոստոսի 5-ին։ Europa Press գործակալությունը, վկայակոչելով Ազգային ոստիկանության հայտարարությունը, նշում է, որ երեքն էլ կալանավորվել են մահափորձի, փաստաթղթերի կեղծման եւ հանցավոր խմբավորմանը պատկանելու մեղադրանքներով: Նրանց զրկել են գրավով ազատ արձակվելու իրավունքից։
Կասկածյալները ռեստորանում, ըստ քննության տվյալների, ծրագրում էին իրենց հակառակորդի սպանությունը, որը պատրաստվում էր Իսպանիա տեղափոխվել եւ կազմակերպված հանցավոր խմբավորումը վերականգնել։ Այն ժամանակ Իսպանիայում լայնամասշտաբ գործողություններ անցկացվեցին, որոնց ժամանակ ձերբակալվեցին 129 հոգի, մեծամասամբ՝ ծագումով Հայաստանից։
Ձերբակալությունները դարձել են Իսպանիայից արտասահմանյան քրեական կառույցների ցրման գործողությունների շարունակությունը։ Դրա առաջին փուլն անցկացվել է 2017 թվականի նոյեմբերին, երբ ձերբակալվել են, այսպես կոչված, վրացական խմբավորման 30 անդամներ։ 2-րդ փուլում ձերբակալվել էր 129 մարդ։
Գործողությունները մեկնարկել են 2016 թվականին Կատալոնիայում կրկնակի սպանությունից հետո։ Այն ժամանակ սպանվել էին Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնք կապված էին Կախաբեր Շուշանաշվիլիի գլխավորած կազմակերպված հանցավոր խմբավորման հետ։
Վերջինս 2016 թվականի մարտին իսպանական դատարանի կողմից դատապարվել էր գրեթե 21 տարվա ազատազրկման (հետագայում ազատազրկման ժամկետը կրճատվել է մինչեւ 15 տարի), իսկ այս տարի նրան արտահանձնել են Ֆրանսիա, որտեղ նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկում եւ եւս մեկ դատի է սպասում, որը նախատեսված է 2019 թվականին։
Տեսանյութ՝