Վենեսուելայի առաջնորդը մեղադրել է Կոլումբիայի նախագահին՝ իր դեմ մահափորձ իրականացնելու մեջ
Վենեսուելայի թշնամիները երբեք չեն կարողանա պարտության մատնել լատինամերիկյան երկրի՝ մարտերում թրծված ժողովրդին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում դեմ նախորդ օրը մահափորձ էր իրականացվել, փոխանցում է « ТАСС»-ը:
«Վենեսուելայի թշնամիները չեն կարողացել և չեն կարողանա մարտերում թրծված մեր ժողովրդի հետ: Մենք կշարունակենք խաղաղությանը տանող ճանապարհը՝ բոլորի համար բարգավաճմանը, զարգացմանն ու երջանկության հասնելու վճռականությամբ լի»,- կիրակի օրն իր Twitter-ում գրել է Վենեսուելայի ղեկավարը: Նա հավելել է, որ վենեսուելական ժողովուրդը միշտ պայքարում է մինչև հաղթական ավարտ:
Վենեսուելայի նախագահի դեմ պայթուցիկով անօդաչուի կիրառմամբ մահափորձն իրականացվել էր շաբաթ օրը, երբ նա Կարակասում ելույթ էր ունենում Ազգային բոլիվարյան գվարդիայի ստեղծման 81-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ: Դրոնները չեզոքացվել էին: Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավարության անդամները, որոնք գտնվում էին իր կողքին, անվնաս են մնացել:
Վենեսուելայի առաջնորդն ազգին ուղղված իր ուղերձում տեղի ունեցածին ներգրավվածության համար մեղադրել է «վենեսուելական և կոլումբիական ծայրահեղ աջերին», ինչպես նաև՝ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին: Բացի այդ, Մադուրոն ենթադրել է, որ իր սպանությունը ծրագրածների մի մասն ապրում են ԱՄՆ-ում:
Կիրակի օրը Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռեվերոլը հայտնել էր, որ իշխանությունները ձերբակալել են պետության ղեկավարի դեմ մահափորձի համար կասկածվող 6 անձի: