Կյանքից հեռացել է Արսեն Չաքարյանը՝ «Մանուշյանի խմբի» վերջին անդամը
Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը, 101 տարեկանում, հայտնում է Le Monde-ը:
Նա մահացել է շաբաթ Վիլժյուիֆի (Փարիզի հարավային արվարձան) Պոլ Բրուսի հիվանդանոցում:
Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամների բռնել եւ 1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկել Մոն Վալերիենում (Փարիզի արվարձան):
Ինչպես նշում է պարբերականը, Չաքարյանը մինչեւ իր կյանքի վերջը հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել դպրոցներում, խորհրդատվություն մատուցել զինվորականներին ու քաղաքացիական անձանց, հանդես եկել հեռուստատեսությամբ ու ռադիոյով, եւ իհարկե՝ հանդիսավոր միջոցառումներին: