Խաչատրյան քույրերին պահում են մեկուսարանի տարբեր խցերում
Խաչատրյան քույրերին, որոնց կասկածում են Մոսկվայում իրենց հորը սպանելու մեջ, ժամանակվոր պահման քննչական մեկուսարանում իրարից բաժանել են՝ տարբեր խցեր տանելով, հիմա նրանք կարանտինում են: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովը:
«Աղջիկները թիվ 6 մեկուսարանում են: Բերելուն պես նրանց տեղավորել են տարբեր խցերում, ներկա պահին կարանտինի փուլն են անցնում: Աղջիկներից ավագը և կրտսերը մենախցերում են, միջնեկը երկու խցակից ունի: Նրանց համար ապահովվել են ընդհանուր պայմաններ, սակայն մինչեւ հիմա անհրաժեշտ անձնական իրեր չունեն»,- ասել է իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ աղջիկները մինչև հիմա շոկի մեջ են և՛ իրավիճակից, և՛ նրանից, որ իրենց բաժանել են իրարից:
«Նրանք անհանգստանում են իրենց, մոր, իրենց մտերիմների համար, որոնց կարող է այս քննությունն առնչվել: Անհրաժեշտ է հասկանալ, որ նրանք մանկությունից միշտ միասին են եղել, և հիմա նրանց համար սարսափելի է նման պայմաններում մենակ լինելը»,- նշել է Մելնիկովը:
Իրավապաշտպանը հստակեցրել է, որ ՀԴՀ-ն աղջիկների սպանված հոր գործունեության հետ կապված մեկուսարանի ղեկավարությունը խնդրել է ապահովել նրանց պաշտապնությունը: