Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը օգոստոսի 5-ին ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը
Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը օգոստոսի 5-ին ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը:
Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Բարեկենդան»-ով ազդարարվեց 83-րդ թատերաշրջանի մեկնարկը: Թատրոնի նորանշանակ տնօրեն Արմինե Մանուկյանը, որն ավելի քան 10-ը տարի է, ինչ թատրոնում աշխատում է որպես բեմադրող ռեժիսոր, «Արմենպրես»-ին փաստել է՝ երկար ժամանակ տիկնիկայինը թատերաշրջանի նմանատիպ մեկնարկ չի ունեցել:
1935 թվականին մայիսին Լենինականի Հայֆիլհարմոնիայի դահլիճում ազդարարվեց տիկնիկային թատրոնի գործունեության սկիզբը: Ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ղեկավարությամբ տիկնիկայինն իր առաջին թատերաշրջանը բացեց միանգամից 3՝ Յե. Վերեյակայաի «Հեղափոխական Տանյա», Կռիլովի «Կապիկն ու Հայելին» և «Տիկնիկային պարեր» բեմադրություններով: Մինչ օրս էլ թատրոնում պահպանվել է թատրոնի առաջին աֆիշան:
83 տարի անց փոխվել է շատ բան՝ տարածքը, անվանումը, խաղացանկը, բայց չի փոխվել տիկնիկային թատրոնի նպատակն ու գերխնդիրը՝ արժեհամակարգ, դասականը երեխաներին ճանաչելի դարձնել:
Տիկնիկային թատրոնը փորձում է ձեռքը ժամանակի զարկերակին պահելով՝ սահուն կերպով իրականացնել սերնդափոխություն. վաստակաշատ դերասանների կողքին աշխատում են երիտասարդները, երիտասարդ ռեժիսորներն էլ հնարավորություն ունեն բեմադրելու՝ դասական գործերը՝ նոր ոգով, բայց պահելով հայկական հեքիաթի շունչը:
«Թեև այս ողջ ընթացքում Հայաստանի հնագույն թատրոններից մեկը ստեղծագործում է, սակայն, պետք է ավելի ակտիվ գործենք՝ հատկապես ակտիվացնելով թատրոնի հանրաճանաչման գործընթացը: Փորձում ենք տիկնիկային բերել նորը՝ չկորցնելով հինը»,-նշել է երիտասարդ տնօրենը:
Խոսելով տիկնիկայինի խնդիրներից՝ տնօրենը կարևորել է վերանորոգման և ներքին հարդարման հարցը: «Ավելի քան 30 տարի այս կառույցում վերանորոգում չի իրականացվել: Երբ հիմա նայում եմ, իմ սրտից արցունք է կաթում: Որպես մանկան թատրոն, շատ վատ վիճակում է: Փորձում ենք գտնել բարերարներ ու հովանավորներ՝ թատրոնը որոշակի շնչի բերելու»,- հավելել է Արմինե Մանուկյանը: