Գերմանական բիզնեսը հեռանում է Իրանից
Գերմանիայի Առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային ասոցիացիայի (DHK) տվյալների համաձայն, 2018 թվականի առաջին հինգ ամիսներին գերմանական արտահանման ծավալը Իրան կրճատվել է չորս տոկոսով: Բացասական միտումը շարունակվում է նաեւ այժմ, ասել է DHK-ի արտաքին տնտեսական գործունեության գծով փորձագետ Ֆոլկեր Տրայերը, հաղորդում է DW-ն:
Մինչդեռ 2017 թվականին գերմանական արտադրանքի վաճառքը Իրան աճել էր 16 տոկոսով: «Վերջին տարիներին, մոտավորապես 120 գերմանական ընկերություններ նույնիսկ Իրանում բացել էին իրենց ներկայացուցչությունները, իսկ այժմ շատերը հեռանում են այնտեղից», - ասել է DIHK-ի ներկայացուցիչը:
Իրանից գերմանական բիզնեսի արտահոսքը առաջին հերթին կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ: «Նույնիսկ այն ընկերությունները, որոնք ուղղակիորեն չեն տուժել ԱՄՆ-ի պատժամիջոցներից, օրինակ ինչպիսիք են բժշկական ոլորտում աշխատողները կամ ԱՄՆ-ի տարածքում բիզնես չունեցողները, այժմ չեն կարողանում բանկ գտնել, որը կկարողանար Իրանում գործարքների կատարումն ապահովել», - ասել է Տրայերը:
Նրա խոսքով, եթե մոտ ապագայում որեւէ լուծում չգտնվի, կարող ենք ակնկալել դեպի Իրան արտահանման լիակատար դադարեցում եւ այդ երկրից գերմանական ընկերությունների վերջնական հեռացում: