Պորտուգալիայի մի քանի շրջաններում գերազանցվել է ջերմաստիճանային ռեկորդը
Պորտուգալիայի կենտրոնական, հարավային և արեևելյան մասերի ութ շրջաններում գերազանցվել է ջերմաստիճանային ռեկորդը, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Պորտուգալիայի օդերեւութաբանական գործակալությունը:
Առավել բարձր ջերմաստիճանը, որը օգոստոսի 2-ին գրանցվել է Պորտուգալիայում, կազմել է ըստ Ցելսիուսի 45,2 աստիճան՝ Աբրանտիշ քաղաքի շրջանում, որը գտնվում է Լիսաբոնից 150 կիլոմետր հեռավորությամբ: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ տապը Պորտուգալիայում կշարունակի սաստկանալ օգոստոսի 3-ին: Կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը կարող է ըստ Ցելսիուսի 47 աստիճանի հասնել օգոստոսի 4-ին: Առաջիկա հանգստյան օրերին հատուկ պատրաստության ռեժիմում կգտնվեն հրշեջ և բժշկական ծառայությունները: Գործակալությունը նշում է, որ նախորդ ջերամստիճանային ռեկորդը Պորտուգալիայի ամբողջ տարածքում գրանցվել է 2003 թվականին, երբ երկրում օդը տաքացել էր ըստ Ցելսիուսի մինչեւ 47,4 աստիճան:
Մինչդեռ իսպանական ԶԼՄ-ները հայտնել են այս շաբաթ Իսպանիայի հարավ-արևելքում ջերմահարությունից երկու մարդու մահվան մասին: AP-ի տվյալներով՝ Իսպանիայում բարձր ջերմաստիճանների վտանգի մասին նախազգուշացումներ են տարածվել 50 նահանգներից 41-ի համար:
Սպասվում է, որ երկրում օդը կտաքանա ըստ Ցելսիուսի մինչև 44 աստիճան:
Իսպանիայում մետեոդիտարկումների ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է անցած հուլիսին՝ ըստ Ցելսիուսի 46,9 աստիճան: