Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը Հայաստանում է համախմբել 24 երկրի 120 ներկայացուցչի
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տրվել է Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի մեկնարկը, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանը ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ վարչապետն իր ուղերձում շեշտել է, որ ուրախ է Հայաստանում ողջունել ազգային կրթության բոլոր պատասխանատուներին և, մասնավորապես, նշել. «Արտերկրի յուրաքանչյուր կրթօջախ ջանքեր չի խնայում հայերենի բանավոր և գրավոր խոսքը պահպանելու համար: Մեր մշակութային ինքնության պահպանումը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է և այն պահպանելու, զարգացնելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն»:
Շնորհավորելով համաժողովի մասնակիցներին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ Սփյուռքի հետ կրթական առնչությունները Հայաստան-Սփյուռք համագործակցության կարևոր բաղադրիչներից են. «Կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու են հայի վաղվա օրվա քաղաքական և մշակութային օրակարգի հիմքում»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովների նպատակն է քննարկել արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
Նախարարի խոսքով` խորհրդաժողովի քառօրյա աշխատանքի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնական ուղղությունները, որոնց իրագործմամբ հնարավոր կլինի լուծել Սփյուռքի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և ստեղծել կայուն համագործակցության միջավայր: «Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովը անցնում է մեզ համար շատ կարևոր` արժեքների վերաիմաստավորման և թավշյա հեղափոխության փուլում: Ընդ որում, հեղափոխությունը դեռ չի ավարտվել, որովհետև մենք դեռ անելու շատ գործ ունենք: Տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև կրթության համակարգում կան իներցիաներ, որոնցից մենք պետք է դուրս գանք: Սփյուռքի հետ փոխհարաբերություններում, հատկապես կրթությանն առնչվող հարցերում, մենք պետք է նոր օրակարգ ձևավորենք` նաև այս խորհրդաժողովի արդյունքներից ելնելով: Խնդիրները բազմազան են` սկսած դասավանդման մեթոդներից ու նոր ծրագրերից մինչև արևմտահայերենի խնդիր: Վստահ եմ, որ աշխատանքային կարգով կարող ենք քննարկել բոլոր հարցերը և գտնել լուծման արդյունավետ ուղիներ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
Խորհրդաժողովի մեկնարկի առիթով օրհնության գիր է հղել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղղակիորեն անդրադառնում է Արցախի վրա. «Հետևաբար, յուրաքանչյուր խոսք պետք է մեծ պատասխանատվությամբ արտաբերել, հիշելով, որ թշնամու նշանառության տակ են գտնվում Արցախի երեխաները: Արցախի դպրոցներում սովորողները պետք է ունենան համոզմունք, որ երբևէ առուծախի առարկա չի դառնա այն հողը, որի վրա իրենք ապրում են»,- նշել է Արցախի նախարարը:
Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 6-ին: Խորհրդաժողովի աշխատանքները կընթանան լիագումար նիստերի և բաց քննարկումների ձևաչափով: Լիագումար նիստերում նախատեսված են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբաբյանի, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի զեկույցները:
Բաժիններում քննարկվելու են սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, այդ թվում՝ ոչ ավանդական մեթոդների կիրառման հնարավորությունները: Օրակարգում են նաև կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները, արտադասարանական աշխատանքի կազմակերպման հարցերը, նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, սփյուռքի դպրոցներում «Շախմատ» առարկայի ուսուցման հնարավորությունները:
Խորհրդաժողովն ամփոփվելու է բանաձևի ընդունմամբ, որն առաջիկա երկու տարիներին ուղենիշ կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության համար: