Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնում է Reuters-ը։ Այդ մասին ԱՄՆ առաջնորդն ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ Սպիտակ տանն ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես կհանդիպեմ ում հետ ասես։ Ես հավատում եմ հանդիպումներին, հատկապես այն դեպքերում, երբ սեղանին դրված է պատերազմի հարցը»,- ասել է Թրամփը։ Նա նաև ընդգծել է, որ հանդիպման համար գոյություն չունեն «որևէ նախապայմաններ»։ «Եթե նրանք ցանկանան հանդիպել՝ ես կհանդիպեմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ և ոչ մի նախագահ չի հանդիպել Իրանի նախագահի հետ 1980 թվականին Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուց ի վեր։
Միայն 2013 թվականին վերջին 30 տարում առաջին անգամ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռոհանիի հետ։ Հուլիսի 22-ին Իրանի նախագահը Թրամփին նախազգուշացրել էր երկրի դեմ թշնամական քաղաքականություն չվարել։ Ամերիկացի առաջնորդը խիստ է արձագանքել այս հայտարարությանը և սպառնացել է «աննախադեպ հետևանքներով»։