«Սա պատմական հնարավորություն է»․ թուրք քաղաքական գործիչը մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ երկխոսության մասին հայտարարությունը
Թուրք քաղաքական գործիչ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի նախկին ղեկավար Մուստաֆա Սարըգյուլը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին հայտարարությունը։
Twitter-ի իր էջում Սարըգյուլը Փաշինյանի հայտարարությունն անվանել է պատմական հնարավորություն ու ակնարկել, որ նման կերպ Թուրքիան կարող է միջնորդություն ստանձնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում։
«Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտարկել որպես պատմական հնարավորություն», - գրել է Սարըգյուլը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության գնալ Թուրքիայի հետ։
Վարչապետն ընդգծել էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, և տարօրինակ է համարել այն, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով:
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցեղասպանության հարցը մեր երկրի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է: «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»,- ընդգծել է վարչապետը: