Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, հայտնում է usnews.com-ը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիա նահանգում և հրահանգել է դաշնային աջակցություն տրամադրել նահանգին 2018 թվականի հուլիսի 23-ից սկսված և մինչև հիմա շարունակվող անտառային հրդեհների պատճառով»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Շաստա շրջանում բնական հրդեհի հետևանքով ոչնչացել է 500 տուն և 75 շինություն է վնասվել: Այժմ հրդեհի մակերեսը գերազանցում է 19,5 հազար հեկտարը: Հրդեհների հետևանքով զոհվել է երեք հրշեջ:
CBS հեռուստաալիքի տվյալներով՝ Շաստա շրջանում մոլեգնող հրդեհի պատճառով տարհանվել է 38 հազար բնակիչ: