Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի հետ քննարկել է Կոնգրեսում ընտրությունների հետ կապակցված հնարավոր սպառնալիքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ Սպիտակ տանն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի ամբողջական կազմով խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել է 2018-ի նոյեմբերին Կոնգրեսում միջանկյալ ընտրությունների հետ կապված հնարավոր սպառնալիքները։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սարա Սանդերսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահի ու ԱԱԽ անդամների քննարկումները վերաբերում էին մեր ընտրություններին վերաբերող սպառնալիքներին, որոնք բխում են կործանարար օտարերկրյա ուժերից, նահանգների իշխանություններին օգնելու ու տեղերում կիբերանվտանգություն ապահովելու ուղղությամբ այս պահին ձեռնարկվող քայլերին, նաև այն գործողություններին, որոնք վերաբերում են մեր քաղաքական և ընտրական պրոցեսներին միջամտելու փորձերի հետաքննությանը, դատական հետապնդմանն ու պատասխանատվության կանչելուն»,- ասվում է փաստաթղթում։
Սանդերսը նշել է, որ Թրամփը հստակ հասկացրել է, որ իր վարչակազմը չի հանդուրժի օտարերկրյա միջամտություն ամերիկյան ընտրություններին, անկախ նրանից, թե որ պետությունից կամ վնասակար ուժերից է դա բխում։
ԱՄՆ կառավարությունը, ասվում է հայտարարության մեջ, շարունակելու է աջակցել տեղական իշխանության մարմիններին՝ ընտրությունների անցկացման ու անվտանգության ապահովման հարցում։