Քոչարյանը տաս անգամ ավելի ժամանակահատվածում տաս անգամ ավելի ինքնակործան հիմարություններ խոսեց
Քոչարյանը տաս անգամ ավելի ժամանակահատվածում տաս անգամ ավելի ինքնակործան հիմարություններ խոսեց, քան այն ինքնակործան հիմարությունները, որ Սերժ Սարգսյանը թույլ տվեց իրեն Մարիոթում:
Նախ՝ որևէ բանական գործիչ իրեն մեղադրանք առաջադրվելուց անմիջապես հետո հարցազրույց չէր տա, որովհետև դա օգտագործվելու է հենց իր դեմ: Ապա՝ չէր հերքի փաստերը, որոնք անհերքելի են և ավելի են հասարակական համոզում առաջացնում, որ առաջնային մեղավորն ինքն է:
Երրորդ՝ առաջին անգամ Քոչարյանը մատնեց, որ երկրի «միակ տղամարդը» այլևս այդքան էլ տղամարդ չէ և խուճապի մեջ է, չի հավատում իր հետ կատարվողին: Եվ որ մեծապես վախեցած է ու փորձում է ինքնարդարացնող խոսքերով փրկել ինքն իրեն: Հասարակությանը հենց միայն այդ մարմնի լեզվին հրապարակայնորեն ականատես դարձնելու համար պետք է շնորհակալ լինել Քոչարյանին, որով հենց ինքն է նպաստում իր կերպարի վերջին ծվենների ոչնչացմանը:
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա սա վճռական ջրբաժան է: Եթե հետագայում Քոչարյանին բաց թողնեն, կամ դատական իշխանությունը, որ հիմա այլևս անկախ է գործադիրից, բայց դեռևս կախված է սեփական անմաքրությունից, թեկուզ գրավի դիմաց ազատ արձակի նրան, և կամ Քոչարյանը, երկարատեև դատական պրոցեսի արդյունքում չդատապարտվի՝ ապա դա կլինի իշխանության կողմից ինքն իրեն վնասելու աննախադեպ քայլ:
Բացի դա՝ հիմա արդեն պարզ է, որ պետք է ձերբակալվի Սերժ Սարգսյանը նույնպես: Եվ եթե դա չարվի արագ և կտրուկ՝ ապա նույնպես կարող է բազում հարցերի տեղիք տալ: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ իրավական պատասխանատվության պետք է կանչվի Լևոն Տեր-Պետրոսյանը ևս: Վերջապես Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր, ներառյալ այսօրվա ողբերգությունները նրա մեղքով են սկիզբ առել:
Հնարավոր հոդվածները շատ են. սկսած տնտեսական թալանից, վերջացրած պետական դավաճանությամբ, ընտրությունների կեղծմամբ և սահմանադրական կարգի տապալմամբ, երբ առաջին անգամ նոր պետության երկրորդ նախագահ ընտրված մրցակիցն այդպես էլ չստանձնեց պաշտոնը: Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրանքի առաջադրումն այս պահին դեռևս կասկածելի է թվում:
Բայց եթե պատասխանատվության կանչվեն երկրորդ և երրորդ նախագահները, իսկ առաջինը զերծ մնա դրանից, ապա դա նույնպես կարող է բարոյական հարված հանդիսանալ իշխանության համար: Եվ այդ հանգամանքը առաջիկայում ձևավորվելիք ընդդիմությունը հաստատ օգտագործելու է: Երեք նախագահներն էլ հավասարապես իրենց պատասխանատվությունն ունեն Հայաստանի այսօրվա վիճակի համար և երեքն էլ հավասարապես պետք է կանգնեն օրենքի առջև:
Հայկ Մարտիրոսյան. Facebook