Սփյուռքի նախարարը պաշտոնական այցով վաղը կմեկնի ԱՄՆ
Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։
Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
Լոս Անջելես այցի շրջանակներում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հրավերով Մխիթար Հայյրապետյանը կմասնակցի Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը։ Հանդիպում-քննարկում կկազմակերպվի նաև հայ գործարարների և բարերարների հետ։ Լոս Անջելեսի այցի վերջին օրը նախարարը հյուպատոսարանում հանդես կգա ամփոփիչ մամուլի ասուլիսով։
Հուլիսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ, Գլենդելի քաղաքապետարանի դահլիճում, տեղի կունենա բաց հանդիպում լոսանջելեսաբնակ հայության հետ։
ԱՄՆ այցի շրջանակներում կայանալիք բոլոր հանդիպումները կազմակերպվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ ու միջոցներով։