Դիտարկվում է Թրամփի և Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ)
«Դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր Անսամբլեայի շրջանակներում»,-հուլիսի 25–ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ Սակայն, հասկանալի պատճառներով, նախագահի և վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, և մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան» հանդիպման կազմակերպման համար։ Ներկայումս հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել»,–նշել է Միլսը։
Դեսպանը շեշտել է, որ ինչպես դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակով։ Որպես օրինակ նա մատնանշել է բարձր մակարդակով անցկացված մի շարք հանդիպումներ։
Այսպես, հունիսին աշխատանքային այցով Վաշինգթոն էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հուլիսին Միացյալ Նահանգներ է այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։