Ադրբեջանում իրավապահները սպանել են Գյանջայի քաղաքապետի մահափորձի մասնակիցներից մեկին
Ոստիկաններին զինված դիմադրության ժամանակ սպանվել է Ադրբեջանի քաղաքացի Աղա Սարհանին, ով իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Յունիս Սաֆարովի հետ կազմակերպել է հուլիսի 3-ին Գյանջայի (Գանձակ) քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ Աղա Սարհանին 2016թ. մարտական պատրաստություն է անցել Սիրիայում գործող զինված խմբավորումների կազմում և պարբերաբար այցելել է Իրան:
Ադրբեջանի իրավապահները հուլիսի 13-ի գիշերը բացահայտել և վնասազերծել էին հուլիսի 10-ին ոստիկանների հետ բախման ժամանակ 2 բարձրաստիճան ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանցից մեկին՝ Ռեշադ Բեյուքիշիևին:
Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:
Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը:
Ոստիկանների սպանության մեջ կասկածվում Էին նախկինում դատապարտված՝ Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն:
Ադրբեջանի իշխանությունները Գյանջայի քաղաքապետի դեմ իրականացված մահափորձը և Գյանջայում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք իշխանությունները համարում են ապստամբություն և ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցություն, կապում են իսլամական ծայրահեղականների հետ, և նշում, որ այս ամենը ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից: