Ահաբեկչության հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ
Պակիստանում խորհրդարանական ընտրությունները մռայլվել է խոշոր ահաբեկչությամբ: Չորեքշաբթի՝ հուլիսի 25-ին, Քվետա քաղաքում մահապարտի հարձակման արդյունքում զոհվել է նվազագույնը 31 մարդ, հայտնում է «Գերմանական ալիքը»:
Ահաբեկիչն ինքնապայթեցում է կատարել ընտրատեղամասերից մեկի մոտ, որտեղ տասնյակ մարդիկ էին հավաքված՝ ընտրություններում քվեարկելու համար: Ամենայն հավանականությամբ, հարձակման թիրախը ոստիկանանական ավտոմեքենան էր:
Քվետան քաղաքականապես անկայուն Բելուջիստան նահանգի վարչական կենտրոնն է: Պակիստանում դեռեւս նախընտրական արշավի ժամանակ զոհվել է ավելի քան 200 մարդ:
Ընտրություններում անվտանգությունն ապահովում են մոտ 800 ուժայիններ, այդ թվում 370 հազար զինվորներ: Գրանցված ավելի քան 100 մլն ընտրողները որոշում են խորհրդարանական 342 մանդատների ճակատագիրը: Ընտրություններին առաջադրվել են 12,5 հազարից ավելի թեկնածուներ 30 կուսակցություններից:
Ֆավորիտ է համարվում իշխող Պակիստանի մուսուլմանական լիգա կուսակցությունը՝ նախկին վարչապետ Նավազ Շարիֆի ղեկավարությամբ: Ինքը Շարիֆը, սակայն, կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկման պատիժ է կրում: Նրան արգելված է ցանկացած քաղաքական պաշտոն զբաղեցնել:
Շարիֆի կուսակցության գլխավոր մրցակիցն է «Պակիստան Թերիք-ի-իսաֆ» («Շարժում հանուն արդարության») կուսակցությունը՝ կրիկետի նախկին աստղ Իմրան Խանի ղեկավարությամբ: Նախընտրական արշավի ժամանակ Խանը խաղադրույք է կատարել պահպանողական իսլամականների վրա: