Թուրքիայի մեջլիսում հարձակվել են Կարո Փայլանի կուսակցի վրա
Թուրքիայի խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորները հարձակվել են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Ահմեդ Շըքի վրա։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում ամբիոնին մոտեցած Ահմեդ Շըքը խիստ քննադատության է ենթարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ «ահաբեկչության դեմ պայքարի» նոր օրենքներով երկրում փաստացի արտակարգ դրությունը հարատեւ դարձնելու համար։ Նա նշել է, թե իշխանությունները հայտնում են, թե հանում են արտակարգ դրությունը, սակայն նոր օրենքներով նույն իրավիճակն է ստեղծվում։
Ահմեդ Շըքի ելույթը դուր չի եկել իշխող կուսակցության պատգամավորներին, ովքեր հարձակվել են ամբիոնի մոտ գտնվող Ահմեդ Շըքի վրա։ Նախագահողը ընդմիջում է հայտարարել, որից հետո երկու նիստի չմասնակցելու պատիժ է սահմանել Ահմեդ Շըքի հանդեպ։
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները ի նշան բողոքի, լքել են խորհրդարանը։