Սփյուռքի նախարարը քառօրյա այցով մեկնում է Կիպրոս. նախատեսված է հանդիպում նախագահի հետ
Պաշտոնական այցով Կիպրոս է մեկնում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որտեղ հանդիպելու է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Բացի այդ, մասնակցելու է Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը, այցելելու է Կիպրոսի «Մելքոնյան» վարժարան:
«Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով 2018թ. հուլիսի 24-27-ը տեղի է ունենալու ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորած պատվիակության այցը ք. Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն)` «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Նախարարին ուղեկցելու է նաև նախարարության մամուլի քարտուղար Նունե Այլանջյանը:
Այցի առաջին օրը նախարարը հանդիպելու է Կիպրոսի նախագահի՝ Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին, ում հետ քննարկելու է սփյուռքի հարցերի շուրջ հայ-կիպրական հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հուլիսի 25-ի առավոտյան տեղի է ունենալու այց՝ Նիկոսիայի «Makedonitissa» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, որտեղ նախարարը ծաղկեպսակ է դնելու՝ իր հարգանքի տուրքը մատուցելով 1974թ. հուլիսին Թուրքիայի զորքերի կողմից Կիպրոս ներխուժման արդյունքում կիպրացի և հույն զոհվածների հիշատակին:
Առավոտյան նախարարի պատվիրակությունը հանդիպելու է նաև ՀԲԸՄ Նիկոսիայի գրասենյակի ղեկավար կազմի, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ այցելելու է «Մելքոնյան» կրթական հաստատություն:
Նույն օրը՝ երեկոյան, նախարարի պատվիրակությունը Նիկոսիայի Ֆիլեքսոնիա կենտրոնում մասնակցելու է «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ի բացման արարողությանը, որից հետո մասնակցելու է Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի անունից տրվող Կոկտեյլին:
Հուլիսի 26-ին՝ առավոտյան, նախարարը հանդիպելու է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ՝ նախագահական նստավայրում, որից հետո մասնակցելու է Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը:
Նույն օրը նախարարը հանդիպելու է Հունաստանում և Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի հետ, իսկ երեկոյան մեկնելու է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան (Նիկոսիա), որտեղ հանդիպելու է տեղի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչներին:
Ավելի ուշ՝ երեկոյան, նախարարը կմասնակցի Կիպրոսի նախագահական պալատում նախագահի և առաջին տիկնոջ անունից Կոկտեյլին և կհանդիպի «Կիպրոսի արդարադատության» միջազգային համակարգող խորհրդի (POMAK-PSEKA) ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 27-ին՝ օրվա առաջին կեսին, կավարտվի նախարարի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը: