Ադրբեջանում սպանել են Գյանջայի իրադարձությունների հետ առնչություն ունեցող ևս մեկ մարդու
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվից ոչ հեռու գտնվող Խոջասան ավանում` սպանելով Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի և հուլիսի 10-ին այդ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ առնչություններ ունեցող Անար Բաղիրովին:
Պաշտոնական աղբյուրները պնդում են` Բաղիրովը սպանվել է իրավապահներին դիմադրություն ցուցաբերելիս: Նույն գործողության ընթացքում, ըստ Ադրբեջանի հատուկ ծառայությունների, ևս ութ մարդ ձերբակալվել է:
«Բաղիրովը Գյանջայում հանցավոր գործողություններ կատարած խմբի ակտիվ անդամներից մեկն էր: Նա սերտ կապեր ուներ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի անմիջական հեղինակ Յունիս Սաֆարովի հետ»,- նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ: