Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ. Կարո Փայլան
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է թուրքական դատարանի այն որոշմանը, որով երկարաձգվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։
Ամերիկացի հոգևորականը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու համար, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Դատարանի որոշման մասին Փայլանը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է.
«Ասվում էր, թե մի հոգևորականին տուր, մյուսին վերցու: Բայց դե Բրանսոնը, ով Էրդողանի խոստովանությամբ պատանդ է պահվում, այդպես էլ ազատ չարձակվեց։
Էրդողանը, ով կարծել է, թե Դենիզ Յուջելի (Թուրքիայում կալանավորված գերմանացի լրագրող) միջոցով ծնկի բերեց Գերմանիային, շարունակում է պատանդ պահելու իր քաղաքականությունը։
Մենք պետք է ամոթ զգանք, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է կեղտոտ գործարքների մեջ»: