ԱՄՆ Սենատը կոչ կանի միջազգային ֆինանսական կազմակերպություններին Թուրքիային այլևս վարկեր չտրամադրել
ԱՄՆ Սենատը պատրաստվում է կոչ անել մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպություններին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ միառժամանակ դադարեցնելով այդ երկրին վարկերի տրամադրումը, այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Սենատում քննարկման կդրվի որոշման նախագիծ, որով կոչ կարվի զրկել Թուրքիային նոր վարկեր ստանալու հնարավորությունից՝ քանի դեռ այդ երկիրը շարունակում է անհիմն կերպով կալանքի տակ պահել ԱՄՆ քաղաքացիների։
Հայտնի է, որ վերոնշյալ կոչը պետք է վերաբերի հատկապես Վերակառուցման և զարգացման եվրոպական և Համաշխարհային բանկերին։
ԱՄՆ Սենատի նման քայլը կապված է ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի՝ Թուրքիայում երկու տարուց ավելի բանտարկված մնալու փաստի հետ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ինչ-որ բան ձեռնարկել» ամերիկացի քահանային ազատ արձակելու համար։
Նշենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:
Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար։ Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։ Օրեր առաջ թուրքական դատարանը կրկին մերժել է Բրանսոնին ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների միջնորդությունը։