Օպերային թատրոնում շանտաժի են ենթարկում աշխատակիցներին. ստորագրահավաք՝ հանուն Կոնստանտին Օրբելյանի
Օպերային երգչուհի Անի Պիվազյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը թատրոնում բռնապետական կարգեր է հաստատել:
«Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից առանց մրցույթի նշանակված տնօրեն Կոնստանտին Օրբելյանը ստեղծել է բռնապետություն: Օրեր առաջ մամուլում շրջանառվում էր, այն մասին, որ պետք է ազատեն տնօրենի պաշտոնից ապօրինի նշանակված Օրբելյանին, թողնելով նրան միայն որպես գեղարվեստական ղեկավար: Երեկ՝ հուլիսի 19-ին, թատրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օրբելյանը, ինչպես նախորդ տարիներին, խոստումներ շռայլելով, ամեն կերպ փորձում էր ամրապնդել իր դիրքերը: Սակայն այսօր արդեն օպերային թատրոնի տարբեր ստորաբաժանումներում հայտարարում են, այն մասին, որ եթե ցանկանում եք պարբերաբար մեկնել հյուրախաղերի ապա, մասնակցեք ստորագրահավաքի՝ ի պաշտպանություն Օրբելյանի պաշտոնավարման: Բնականաբար, ովքեր չեն ստորագրի, նրանք անմիջապես կընկնեն անցանկալիների ցուցակ, անկախ իրենց բարձր մասնագիտական որակավորումից: Այս ամենը վկայում է, որ օպերային թատրոնում դեռ առաջնորդվում են նախկին բռնապետական կարգերով
P.S . Հիշելով դաշնակահարիս պատմությունը ,թե ինչպես նրան հեռացրին աշխատանքից,այս անգամ զերծ կմնամ անուններ նշելուց : Քանի որ նաև նրանց հեռացման վտանգ կարող է լինել»,- գրել է նա: