Ինչու է Թրամփն «անհամբերությամբ սպասում» Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ «անհամբերությամբ է սպասում» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը՝ «սկսելու իրագործել» այն հարցերը, որ քննարկել են այս շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին ամերիկացի ղեկավարը գրառել է թվիթերյան էջում:
Ինչպես նկատում է CNN-ը, Թրամփը, որի հասցեին բազմաթիվ քննադատական տեքստեր են հրապարակվել Պուտինի հետ հանդիպումից հետո, ԶԼՄ-ներին կրկին անվանել է «ժողովրդի թշնամի»՝ մեղադրելով նրանց գագաթնաժողովը խեղաթյուրելու և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առճակատում հրահրելու համար:
Թվիթերյան գրառումների միջոցով Թրամփը շեշտել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը հաջող է անցել:
«Գագաթնաժողովը Ռուսաստանի հետ մեծ հաջողությամբ է պսակվել՝ չհաշված ժողովրդի իրական թշնամուն՝ կեղծ լրատվամիջոցներին: Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրորդ հանդիպմանը, որպեսզի սկսենք քննարկված բազմաթիվ հարցերից ոմանց իրագործումը, այդ թվում՝ ահաբեկչության, Իսրայելի անվտանգության, միջուկային զենքի տարածման, կիբերհարձակումների, առևտրի, Ուկրաինայի, Միջին Արևելքի խաղաղության, Հյուսիսային Կորեայի և շատ այլ հարցեր», - գրել է Թրամփը սոցցանցում:
Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում, որի ավարտին երկու կողմն էլ հանդիպումը արդյունավետ է գնահատել: