Ռուս պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու
Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ նրան համոզելով Երևան գալ՝ խորոված ուտելու:
Ինչպես նշում է РИА Новости-ն` հիմնվելով հեռախոսազրույցի ձայնագրության վրա, ուշագրավ զրույցը տեղի է ունեցել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց որոշ ժամանակ անց:
Յունկերի հետ զրույցում պրանկերները բողոքել են Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ճնշումից:
«Մենք ստիպված ենք նորից ու նորից բացատրել պարոն Թրամփին՝ ինչպիսին է աշխարհակարգը: Նա չի հասկանում՝ ինչ է կատարվում: Մենք պետք է վստահ լինենք, որ նա սկսում է ավելի լավ գիտակցել՝ ինչ է կատարվում Հայաստանում: Ամեն ինչ լավ է: Հաջողություն եմ մաղթում»,-նշել է ոչինչ չկասկածող Յունկերը:
Այնուհետև պրանկերները ԵՀ նախագահին հրավիրել են Երևան՝ նշելով, որ այնտեղ պատրաստում են «անմահական հայկական բարբեքյու՝ խորոված»:
Վովանն ու Լեքսուսը Յունկերին առաջարկել են խորովածն անմիջապես հրապարակում պատրաստել ու յուրատեսակ հանրահավաք անցկացնել:
«Դա վատ չի հնչում: Ես կգամ հաջորդ տարի: Այս տարի արդեն հնարավոր չէ, իսկ եկող տարի մենք կգտնենք հարմար ամսաթիվ ու հնարավորություն»,-պատասխանել է եվրապաշտոնյան:
Հետաքրքրական է, որ Յունկերից զատ, պրանկերները զրուցել են նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Վերջինս, չիմանալով, որ Փաշինյանի հետ չի խոսում, ընդգծել է Հայաստանի նոր իշխանությունների համար բոլոր գործընկերների հետ լավ հարաբերություններ պահպանելու, միայն մեկ երկրի օգտին ընտրություն չանելու կարևորությունը, «որպեսզի Հայաստանը զերծ մնա ուկրաինական սցենարի կրկնությունից»:
Մոգերինին ընդգծել է, որ «Հայաստանն ազատ ընտրելու իրավունք ունի և որ Բրյուսելն ամենևին էլ դեմ չէ Երևանի՝ այլ գործընկերների հետ հարաբերությունների պահպանմանը»: