Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելն ավելի հեշտ կլինի
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը, շրջանցելով ժամանակավոր բնակության թույլտվության փուլը, բնակության թույլտվություն է առաջարկում տալ այն արտասահմանցիներին, ովքեր Ռուսաստանում մտերիմ հարազատներ ունեն կամ ծնվել են ԽՍՀՄ-ում և ունեին խորհրդային քաղաքացիություն:: Այս մասին հաղորդել է ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը:
Հունիսի վերջին Կրեմլի կայքում հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ-ին և աշխատանքի նախարարությանը հանձնարարել է հեշտացնել ռուսերեն իմացող և ՌԴ-ում ապրել ցանկացող արտասահմանցիներին բնակության թույլտվություն տալու կարգը: Հանձնարարականի կատարման ժամկետը 2018 թվականի օգոստոսի 31-ն է:
«Նախագահի հանձնարարականը մշակելով՝ մենք առաջարկում ենք արտասահմանցիներին, ովքեր Ռուսաստանում մտերիմ հարազատներ ունեն կամ ծնվել են ԽՍՀՄ-ում և ունեցել են խորհրդային քաղաքացիություն, բնակության թույլտվություն տալ՝ շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվությունը»,- պարզաբանել է Գորովոյը Դաշնային խորհրդի հանդիպմանը, որը նվիրված է եղել միգրացիոն օրենսդրության կատարելագործմանը:
Բացի այդ, ծրագիրը ենթադրում է առանց պայմանների ժամանակավոր կացության թույլտվության տրամադրում արտասահմանցի բարձր որակավորում ունեցող մասնագետներին, ովքեր Ռուսաստանում գործունեություն են ծավալում առնվազն 6 ամիս:
Այս պահին ժամանակավոր կացության թույլտվություն կարող են ստանալ այն արտասահմանցիները, ում քվոտա է տրամադրվել, որը հաստատվել է ՌԴ կառավարության կողմից: Առանց նշյալ քվոտայի ժամանակավոր կացության թույլտվություն կարող են ստանալ արտասահմանցիների առանձին կատեգորիայի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ նրանք, ովքեր երեխաներ կամ ծնողներ ունեն Ռուսաստանում: