Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Gazeteduvar կայքի հետ զրույցում անդրադարձել է տեղի ունեցած ընտրությունների վերլուծությանն ու Թուրքիայի առկա իրավիճակին։
Կարո Փայլանը նշել է, որ չնայած երկրում եղել է արտակարգ դրություն, իսկ արևելքի քրդաբնակ նահանգները գտնվել են պետական, ոստիկանական ու զինվորական ճնշումների տակ, քուրդ ընտրողները համարձակություն են դրսեւորել եւ իրենց կամքը պարտադրել են։
Փայլանը հայտնել է՝ իր կուսակցության ստացած մեծ քանակի ձայները հրաշք կարելի է անվանել նման իրավիճակի համար՝ շեշտելով, որ գերազանց ցուցանիշ է Դիարբեքիրում ստանալ 66 իսկ Հաքքարիում 70 տոկոս ձայն։
Փայլանը, անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, պնդել է, թե իշխող կուսակցության հեգեմոնիան կոտրելու համար պետք է պայքարեն բոլորը։ «Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» եւ «Լավ» կուսակցությունները եւս պետք է պայքարեն ֆաշիզմի առաջխաղացումը կանգնեցնելու համար»,-ասել է Կարո Փայլանը: