Սա լավ մեկնարկ է բոլորի համար. Թրամփը գնահատել է Պուտինի հետ հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Հելսինկիում կայացած երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Սա լավ մեկնարկ է: Սա լավ մեկնարկ է բոլորի համար»,- ասել է Թրամփն աշխատանքային ճաշից առաջ, որին մասնակցել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունները:
Պուտինի և Թրամփի՝ նեղ կազմով հանդիպումը տևել է երկու ժամ տասը րոպե՝ նախատեսված մեկուկես ժամվա փոխարեն:
Քննարկումից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտնել է, որ ժամանակն է հանգամանորեն խոսելու: «Շարունակվում են մեր մշտական կոնտակտները: Մենք և՛ հեռախոսով ենք խոսել, և՛ մի քանի անգամ տարբեր միջազգային միջոցառումների հարթակներում հանդիպել: Եվ, իհարկե, ժամանակն է հանգամանորեն խոսելու մեր երկկողմանի հարաբերությունների և աշխարհում տարբեր «հիվանդ կետերի» մասին: Դրանք բավականին շատ են, որպեսզի ուշադրություն դարձնենք դրանց վրա»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահն իր հերթին նշել է, որ ողջ աշխարհը հետաքրքրված է Մոսկվայի և Վաշինգտոնի լավ հարաբերությունների հարցում: «Մեր երկու երկրները հսկայական հնարավորություն ունեն, որպեսզի մեր փոխհարաբերությունները հարթեն: Մի քանի տարվա ընթացքում»,- հավելել է նա:
ԱՄՆ նախագահը նաև հաղորդել է, որ կցանկանար խոսել առևտրի, ռազմական հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջուկային պոտենցիալի, և Չինաստանի մասին:
Հելսինկիի գագաթաժողովը Պուտինի և Թրամփի՝ ամբողջական ձևաչափով առաջին առանձին հանդիպումն է ոչ միջազգային բազմակողմ ֆորումների շրջանակում: Այն տեղի է ունեցել Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ նախագահական ամրոցում: