Սքոթլանդ Յարդը Էյմսբերիի միջադեպի ավելի քան 400 իրեղեն ապացույց է հավաքել
Լոնդոնի ոստիկանության քննիչները արդեն ավելի քան 400 իրեղեն ապացույց են հավաքել, որոնք կապ ունեն Էյմսբերիում բրիտանացիներ Դոն Սթյորջեսի և Չարլզ Ռոուլի նյարդակաթվածահարող նյութով թունավորման միջադեպի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանմանը, որը վարում է այս քննությունը:
«Այսօրվա դրությամբ Էյմսբերիի միջադեպի քննության շրջանակում առգարվվել է ավելի քան 400 իրեղեն ապացույց, որոնց զգալի քանակությունը պոտենցիալ վարակված է, դրանք ուղարկվել են Փորթոն Դաունի ռազմական գիտատեխնիկական լաբորատորիա անալիզ անցկացնելու: Այդ ապացույցների մեջ է մտնում փոքրիկ շիշ, որն առգրավվել է Էյմսբերիի Մագրլթոն ռոուդի բնակարանից, և որը, ինչպես կարծում են քննիչները, Չարլիի և Դոնի թունավորման աղբյուրն է»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ «աշխատանք է տարվում պարզելու՝ այս նյարդակաթվածահարող նյութն արդյոք այն նույն խմբաքանակի՞ց է, որն օգտագործվել է մարտին Սերգեյ և Յուլյա Սկրիպալների վրա հարձակման ժամանակ»:
«Սա քննչական խմբի իրականացրած քննության հիմնական ուղղությունն է մնում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Էյմսբերիում Չարլզ Ռոուլին և նրա ընկերուհի Դոն Սթյորջեսին կրիտիկական վիճակով հոսպիտալացրել էին: Հուլիսի 8-ի երեկոյան Սքոթլանդ Յարդը հայտնել էր, որ Սթյորջեսը մահացել է: Քննիչները գործ են հարուցել սպանության մեղադրանքով: Ինքը Ռոուլին ժամանակի ընթացքում գիտակցության էր եկել և ոստիկանության կողմից հարցաքննվել էր: