Ո՞րը կլինի Պուտին–Թրամփ հանդիպման «կատարյալ» արդյունքը
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման կատարյալ արդյունքը կլիներ առանցքային հարցերի շուրջ քննարկման ուղիների վերականգնումը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն ակնկալում է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ բոլոր բարդ հարցերի շուրջ հեռահաղորդակցման ուղիների վերականգնման մասին:
ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը հնարավոր կլինի հաջող անվանել միայն այն դեպքում, եթե այդ հանդիպումից հետո Մոսկվան ու Վաշինգտոնը սկսեն նորմալ շփվել:
Լավրովի փոխանցմամբ՝ ներկայում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը «էպիզոդիկ շփումներ են ունենում դիվանագիտական ու ռազմական աղբյուրներով»:
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը ռուս պաշտոնակցի հետ քննարկելու է Ուկրաինային, Սիրիային և միջուկային զենքի չտարածմանը վերաբերող հարցերը:
Վերջինս ընդգծել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայանալու է «ՆԱՏՕ-ի հոյակապ գագաթնաժողովից հետո»:
«Պարոն Պուտինի հետ մենք մի շարք հարցերի շուրջ ենք խոսելու՝ Ուկրաինայի, Սիրիայի, Մերձավոր Արևելքի այլ հատվածների, միջուկային զենքի չտարածման մասին», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ ասուլիսում:
Խոսելով միջուկային զենքի չտարածման մասին՝ Թրամփը նշել է, որ «դա կործանարար տեխնոլոգիա» է: