ԵՄ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԼՂ հակամարտության մասին որևէ հիշատակում չկա. Աշոտյան
ԵՄ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որևէ հիշատակում չկա: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան գործընկերության գերակայությունների փաստաթղթում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձևակերպումների մասին ադրբեջանական լրատվամիջոցների գնահատականներին:
«ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձևակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝
1. ԵՄ-ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որևէ հիշատակում չկա։
2. Թեման արծարծում են բացառապես ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության վրա։ Այն հիշատակում է փաստաթղթի առաջին հոդվածը՝ շեշտելով բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, սակայն կարծում եմ, որ փաստաթղթում առկա են առավել հավասարակշռված ձևակերպումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք հատուկ են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը։
3. Փաստաթղթի ամբողջական տեքստը հասանելի չէ այս պահին ԵՄ ինստիտուտների կայքէջերում։
Ամփոփելով վերոհիշյալը՝ կառաջարկեի չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները, չշտապել գնահատականներ տալ և հարցին անդրադառնալ ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»,- գրել է Աշոտյանը: