Ադրբեջանում սպանել են ՆԳՆ գնդապետների հաշվեհարդարին մասնակցածներից մեկին
Ադրբեջանի իրավապահ մարմինները վնասազերծել են ոստիկանության գնդապետների դաժան հաշվեհարդարի մասնակիցներից մեկին: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ռաշադ Բեյուքիշիևը վնասազերծվել է այս գիշեր իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում:
Նա զինված դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով սպանվել է:
Բեյուքիշիևը նախկինում դատապարտվել է սպանության և կողոպուտի համար: Նա պատիժ է կրել հարազատ մոր սպանության համար: Հանցագործությունը կատարվել է 2007 թվականին: Ազատվելուց հետո նա Ռուսաստան է մեկնել: Սակայն այնտեղ ևս 9 ամիս անց բանտարկվել է ավազակության համար: Գյանջայում հաշվեհարդարի մյուս մասնակիցը՝ Ֆարուխ Ղասիմովը, ոստիկանությանն է հանձնվել մի քանի օր առաջ:
Գյանջայում զանգվածային անկարգությունների ժամանակ սպանվել էր ՆԳՆ երկու գնդապետ: