Թրամփն աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրն աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ նա կմնա մինչև կիրակի: ԱՄՆ վարչակազմի ղեկավարի ինքնաթիռը, որը մեկնել է Բրյուսելից, որտեղ Թրամփը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, վայրէջք է կատարել Stansted օդանավակայանում: Սպիտակ տան ղեկավարին ուղևորության ընթացքում ուղեկցում է ԱՄՆ առաջին տիկինը՝ Մելանիան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Օդանավակայանից Թրամփն ուղղաթիռով թռչել է ԱՄՆ դեսպանի նստավայր: Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահը կմեկնի Օքսֆորդշիր կոմսությունում գտնվող Բլենհեյմի պալատ, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի անունից ընթրիք կտրվի:
Ուրբաթ օրը՝ հուլիսի 13-ին, Թրամփը և Մեյը ներկա կգտնվեն բրիտանական և ամերիկյան զինվորականների զորավարժություններին: Ինչպես հայտնել են Դաունինգ սթրիթում, կողմերը կքննարկեն արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ, ներառյալ Ռուսաստանը, Բրեքսիթը և Մերձավոր Արևելքը, ինչպես նաև առևտրի հետ կապված խնդիրներ, ինչին կհաջորդի ճաշը և մամուլի ասուլիսը:
Մեյի հետ բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահին և նրա տիկնոջը կընդունի Եղիսաբեթ II թագուհին: Ուրբաթ երեկոյան Թրամփը կմեկնի Շոտլանդիա, որտեղ նա մինչև կիրակի կմնա իրեն պատկանող Trump Turnberry գոլֆ-հանգստավայրում: Շոտլանդիայից հետո կիրակի օրը նա կմեկնի Հելսինկի՝ հաջորդ օրը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: