Կոչ եմ անում բոլորին խաղաղ ապրել, ատելությունը հոշոտում է մեզ ներսից. hայազգի բլոգերին սպառնացել են Ադրբեջան այցից հետո (տեսանյութ)
Հայ-վրացական ծագման բելառուցսի, Վլադ Մագ մականունով բլոգերը բոլորին խաղաղ ապրելու կոչ է արել: Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերը տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի մասին: Հայկական արմատներով բլոգերը բելառուսական անձնագրով ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն:
Տեսանյութում նա ցույց էր տվել ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը՝ Իրանի հետ սահմանին գտնվող տարածքների բնակիչների կասկածամիտ վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ, մարդիկ, որոնք պատրաստ են օգնել անծանոթներին, և նրանք, ովքեր ատելությամբ են խոսում հայերի մասին:
Տեսանյութը լայն տարածում էր գտել Հայաստանում և Ադրբեջանում: Բլոգերը նշել է՝ նյութը հրապարակելուց հետո նրա հասցեին մի շարք սպառնալիքներ են հնչեցվել: «Ես խաղաղությամբ եմ եկել երկիր: Իմ նպատակն է մարդկանց ցույց տալ՝ ինչպիսին նրանք կան: Բայց շատերը լավը չեն տեսել, միայն՝ բացասականը»,- հայտնել է բլոգերը:
«Ես նախկինում նման ագրեսիայի չեմ հանդիպել: Մարդու քաղաքական հետապնդումը, ով կապված չէ քաղաքականության հետ, ճիշտ չէ: Հետապնդում իրականացնել տարածաշրջան այցելելու համար, որի կարգավիճակի շուրջ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ, ապօրինի է: Հակամարտությանն ընդամենը 20 վայրկյան է հատկացված: Եվ դրանք բոլորին հայտնի տվյալներ են համացանցից»,- պարզաբանել է բլոգերը:
«Կոչ եմ անում բոլորին խաղաղության մեջ ապրել, քանի որ ատելությունը հոշոտում է մեզ ներսից»,- եզրափակել է նա: