Խոսել ենք ձեռք բերվող ռազմամթերքի մասին. Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ կատարած այցի մասին
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցը շատ արդյունավետ էր ու դրա արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն, «Հրապարակում» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանը ռազմավարական գործընկերություն ունի Ռուսաստանի հետ և Հայաստանի անվտանգության համակարգը ընդհանուր առմամբ ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ և անվտանգության տրամաբանության շրջանակներում տրամաբանական է հենց առաջին այցը կատարել Ռուսաստան: Իրականում, այն շատ արդյունավետ է ստացվել, ունեցել ենք շատ արդյունավետ աշխատանք, որի արդյունքները, ես համոզված եմ, շուտով տեսանելի կլինեն», – ասել է Արմեն Գրիգորյանը:
Նա ընդգծել է` Հայաստանի ու Ռուսաստանի միջև կա երկկողմ ըմբռնում, իրար հասկանալու երկկողմ հնարավորություն:
«Ես համոզված եմ, որ մտահոգությունների ահռելի մասը օրակարգից դուրս են եկել: Հաջորդ անգամները, երբ մենք հանդիպենք, այդ հարցերն այլևս օրակարգում չեն լինելու, համոզված եմ», – ասել է ԱԱԽ քարտուղարը:
Ռուսաստանում Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել և′ համայնքի ներկայացուցիչների, և′ Ռուսաստանի քաղաքագետների հետ:
«Ինչպես նաև հանդիպում եմ ունեցել իմ գործընկերոջ հետ, որի հետ քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված տարբեր հարցեր: Առաջինը քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմական կոմպոնենտը: Խոսել ենք համագործակցության մասին, Հայաստանի կողմից ձեռք բերվող և ձեռք բերվելիք ռազմամթերքի մասին, քննարկվել է Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելն ու Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր տարբերակները: Խոսել ենք նաև Նախիջևանի մասին:
Ես մտահոգություն եմ հայտնել ոչ միայն Նախիջևանի վերաբերյալ, այլև՝ Ռուսաստանի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների` Ադրբեջան կատարած այցի և նրանց կողմից հայտնած մտքերի վերաբերյալ, որոնք հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը», – ասել է Արմեն Գրիգորյանն` ընդգծելով.
«Ռուսական կողմից հայտնեցին, որ նրանք հարցերով կզբաղվեն, դրանք տեղում, միանգամից լուծելի հարցեր չէին»: