Փորձել եմ զերծ մնալ թայֆայից. Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց Գրողների միության նախագահ
Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ (ՀԳՄ) 18-րդ համագումարը, որի ընթացքում կայացավ ՀԳՄ նախագահի ընտրությունը: Միության 530 անդամներից քվեարկությանը մասնակցեց 320 հոգի: ՀԳՄ անդամները գրեթե միաձայն կողմ քվեարկեցին կառույցն արդեն 4 տարի ղեկավարող Էդվարդ Միլիտոնյանի օգտին, դեմ քվեարկեց ընդամենը մեկ հոգի:
Բացման խոսքում Միլիտոնյանն ասաց. «Ես այս չորս տարվա մեջ փորձել եմ զերծ մնալ թայֆայից կամ որևիցե խմբից: Ոմանք կարծել են՝ գրողների միությունը հսկայական ֆինանսների տեր կազմակերպություն է, եւ որ 2013 թվականին այդ «մեծ» ժառանգությունը կտակվել է մեզ:
Պիտի սառը ջուր լցնեմ ձեր ջրաղացներին եւ ասեմ, որ 2014 թվականի հունվարի մեկով մեր հաշվեհամարին եղել է 63 հազար դրամ եւ ունեցել ենք 8 միլիոն 700 հազար դրամ պարտք՝ տարբեր հարկերի մասերով: Գրական հիմնադրամը ունեցել է 1 միլիոն դրամ, որը հաշվապահի աշխատավարձ պիտի լիներ»,-ասաց Միլիտոնյանը: