Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է սպառնալիքներ ստանալու մասին և տեսաուղերձ է հրապարակել (տեսանյութ)
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը տեսաուղերձ է հրապարակել YouTube-ի իր էջում՝ հայտնելով, որ ստանում է բազմաթիվ սպառնալիքներ:
Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերն իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցից: Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերը ժամանել էր Ադրբեջան և այցելել Գյանջայում (Գանձակ, նախկինում՝ Կիրովաբադ) իր ծնողների տուն:
«Ինչպես և կանխատեսվում էր, իրավիճակը, մեղմ ասած, «անկայուն է»: Այժմ շատ հարցեր են լուծվում, և ես ձեզ կոչ եմ անում ինձ օգնել այդ հարցում: Տարածեք տեսանյութը, տարածեք իմ մասին տեղեկություն: Միայն այդպես ես կկարողանամ անվտանգության մեջ լինել»,- գրել է նա տեսանյութն ուղեկցող տեքստում:
Նա նշել է, որ ցանկանում է, որ պարզ դառնա Ադրբեջան իր այցի նպատակը՝ նա այցը կատարել է որպես զբոսաշրջիկ, և չի այցելել այդ երկիր կանխամտածված ատելությամբ:
«Ես երկիր խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այլ երկրներ, ուր գնում եմ: Տեսանյութում նշվում էր, որ իմ այցի նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Չգիտես ինչու, շատերը ոչ մի լավ բան չտեսան դրանում: Բոլորը միայն բացասական բան տեսան՝ չնայած ես նկարահանել եմ մարդկանց, ովքեր իրենց տանն են ինձ հյուրընկալել, հաց են տվել, օգնել են ճանապարհ գնալ...»,- ասել է բլոգերը:
Նա արձագանքել է համացանցում իր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքին, որ իր հրապարակած տեսանյութը սադրիչ տեսանյութ է եղել, որի համար «ինչ-որ երկիր գումար է տվել իրեն՝ ադրբեջանցի ժողովրդին վարկաբեկելու համար»:
«Լսեք ինձ մեկընդմիշտ, ես աշխատում եմ միայն իմ ալիքի համար, սովորական բլոգեր եմ, 23 տարեկան տղա տեսախցիկով, ոչ ավելին: Ես երբեք առաջարկ չեմ ստացել ինչ-որ բան գնելու կամ վաճառելու մասին: Այս բովանդակությունը չի վաճառվում և չի գնվում»,- ասել է նա:
Բլոգերը նշել է, որ Ադրբեջան այցի տեսանյութում իր արձագանքը հասկանալի է, քանի որ նախկինում իր ճանապարհորդությունների ընթացքում երբեք չի բախվել նման ագրեսիայի, և հասկանալի չէ՝ որտեղից այդքան թշնամություն սովորական ճանապարհորդի նկատմամբ, որն այցելել է իր հարազատների տուն:
«Ուշադրություն, ես սխալ եմ համարում քաղաքական հետապնդում իրականացնել մի մարդու նկատմամբ, ով երբեք կապված չի եղել և չի լինի քաղաքականության հետ: Հետապնդում իրականացնել մի տարածաշրջան այցելության համար, որի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն կարողանում հասնել իրենք՝ քաղաքական գործիչները»,- ասել է բլոգերը՝ նշելով, որ դա կոռեկտ չէ և անօրինական է: