Ադրբեջանի մեջլիսի նախագահը՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականության մասին
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական, թուրք-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հակամարտության մասին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
«Ադրբեջանի համար ամենածանր խնդիր համարվող Ղարաբաղի հարցում միջազգային հանրությանն ուղղված Թուրքիայի՝ արդարություն ցուցաբերելու կոչերը, ինչպես նաև վերջինիս նախաձեռնություններն այդ հարցում առկա երկակի ստանդարդների դեմ, բխում են թուրք և ադրբեջանցի ժողովուրդների շահերից»։
Ասադովն ընդգծել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մաս է կազմում Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնումը և զարգացումը։
«Հուսով եմ, որ թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կընդլայնվի։ Այդ համագործակցությունը կլինի ի նպաստ մեր ժողովուրդների։ Մեր հարաբերությունները իրար հետ կապված են անքակտելի հանգույցներով»,- հավելել է Ասադովը։