Քանյե Ուեսթը ձերբակալվել է` լուսանկարչին ծեծելու մեղադրանքով (տեսանյութ)
LifeStyleՀամացանցում հայտնվել է մի տեսանյութ, ուր երևում է, թե ինչպես է Քանյե Ուեսթը Լոս Անջելեսի օդանավակայանում ծեծում լուսանկարիչներից մեկին:
Ինչպես հայտնում են ականատեսները, երաժիշտը թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել Լոս Անջելեսի օդանավակայանի շենքից, երբ իրեն շրջապատել են լրագրողներն ու պապարացցին: Ռեփերը խնդրել է նրանց հեռանալ, սակայն որոշ լրագրողներ շարունակել են լուսանկարել:
Լուսանկարիչներից մեկի պրովոկացիոն հարցից հետո Քանյեն հարձակվել է նրա վրա և մի քանի ուժգին հարված հասցրել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապօգնությունը:
Միջադեպից կարճ ժամանակ անց համացանցում հայտնվել է տուժողի տեսախցիկով նկարահանված տեսանյութը:
Բժիշկների պնդմամբ' լրագրողի կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Այնուամենայնիվ, Լոս Անջելեսի ոստիկանները ձերբակալել են Քանյե Ուեսթին և սկսել հետաքննություն:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Քանյեն հերթական անգամ կոնֆլիկտ էր ունեցել պապարացցիի հետ: Նա կարողացել էր տիրապետել իրեն' բարձրաձայն զգուշացնելով, որ չի ցանկանում' իրեն լուսանկարեն կամ հարցեր տան: