ՌԴ-ում վթարված հայկական ավտոբուսի վարորդն ազատազրկվեց 2 տարով. ընտանիքը մտավախություն ունի
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում 2017թ. հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին ասաց Մողրովյանի կինը՝ Աննա Մողրովյանը:
«Մենք հույս ունեինք, որ մի քանի ամսից դուրս կգար ամուսինս, կվերադառնար Հայաստան, կաշխատեր, կկարողանայինք ապրել, բայց հիմա էլ դատախազն է բողոքարկել որոշումն ու պահանջում է 5 տարվա ազատազրկում: Անելանելի վիճակում ենք, չգիտենք ինչ անել: Վախենում ենք, որ Վերաքննիչը կխստացնի դատավճիռը»,- ասաց Աննան:
Նշենք, որ 35-ամյա Կարապետ Մողրովյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է, 4 երեխաների հայր: Մողրովյանները սեփական տուն չունեն, վարձով են բնակվում, տան միակ աշխատողն էլ Կարապետն էր:
Հիշեցնենք, որ 2017թ. հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: