3 տարվա ընդմիջումից հետո Վանա լճի Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի
Պոլսո պատրիարքության կայքի փոխանցմամբ, 2010 թվականից ուխտագնացություններ են կազմակերպվում դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանությունները արգելում էին ուխտագնացությունները՝ դա պատճառաբանելով «անվտանգության նկատառումներով»:
Այս տարի ևս Պոլսո պատրիարքությունը դիմել Ախթամարում պատարագ մատուցելու խնդրանքով և ստացել թույլտվություն: Այս տարի Ախթամարի ուխտագնացությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, իսկ սուրբ պատարագը կմատուցվի նույն օրը ժամը 11-ին:
«Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին, մեր համայնքային և թաղային մարմիններին, մեր բարերարներին, հայրենակցական միություններին, լրագրողներին, որ ներկա լինեն այս ուխտագնացությանը՝ իբրև հավատքի և իրավունքի պահպանում ու պապենական ժառանգի պանծացում: Այս առթիվ պատրաստված են զանազան ծրագրեր զբոսաշրջային ընկերությունների կողմից»,-ասված է հաղորդագրությունում:
Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության աջակցությամբ վերականգնվել է 2007 թվականին և վերաբացվել 2010 թվականին: Այստեղ թույլատրվել է տարին մեկ անգամ պատարագ մատուցել՝ սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, ինչպես նաև խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին:
Վերջին տարիներին Վան այցելող զբոսաշրջիկների թիվը լուրջ աճ է գրանցել: Այս հանգամանքը կապված է նաև Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման հետ: