Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան և այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը
Խորհրդային տարիների այլախոհ և ռուսաստանյան իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը շաբաթ Մոսկվայում վրաերթի է ենթարկվել, հաղորդում է «Эхо Москвы»-ն։ Վարորդը դիմել է փախուստի։ Միջադեպի հետևանքով Գրիգորյանցի ոտքն է վնասվել։
Տուժողը կարծում է, որ միջադեպը կարող է կազմակերպված լինել։ 77-ամյա Գրիգորյանցի խոսքով՝ վնասվածքը կխանգարի իր գրական աշխատանքին։
1975 թվականին Սերգեյ Գրիգորյանցը հակախորհրդային քարոզչության համար ձերբակալվել էր Պետական անվտանգության կոմիտեի կողմից և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Ազատ արձակվելուց հետո 1982-1983 թվականներին տարածում էր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություն։ 1983 թվականին կրկին ձերբակալվել է իր իրավապաշտպան գործունեության համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում։