Պատրուշևը Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ՌԴ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Վերահաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը կողմ է կայունությանը տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»: Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
«Զրուցակիցները նշել են ռուս-հայկական համագործակցության և ռազմավարական գործընկերության բարձր դինամիկան, բարձր և ամենաբարձր մակարդակներում երկկողմ երկխոսության, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների միջև շփումների վստահելի և կառուցողական բնույթը»,- նշվում է հայտարարության մեջ:
Պատրուշևը և Գրիգորյանը համաձայնել են Ռուսաստանի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների ապարատների գծով համագործակցության՝ 2019-2020 թվականների ծրագիր նախապատրաստել և հաստատել այն նոյեմբերին Մոսկվայում նախատեսված ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների վեցերորդ հանդիպման ժամանակ: