Ադրբեջանը թաղված է մթության մեջ. Բաքուն և մի շարք շրջաններ կրկին հոսանքազրկվել են
Հուլիսի 3-ի երեկոյան Մինգեչաուրի ՀԷԿ-ում նորից վթար է տեղի ունեցել ու կրկին խափանվել է Բաքվի եւ Ադրբեջանի մի շարք շրջանների էլեկտրամատակարարումը:
Նշվում է, որ հոսանքի մատակարարման խափանման պատճառով Բաքվի մետրոյի գնացքները մնացել են թունելում: Միայն 21:00-ին է հնարավոր եղել տարհանել մարդկանց:
Մինգեչաուրի ՀԷԿ-ում նախորդ վթարի հետեւանքների վերացման շրջանակում վերագործարկվել էր 6-րդ էներգաբլոկը, որը խափանվել էր հուլիսի 2-ին:
Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Վթար էր տեղի ունեցել Ադրբեջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում, որն ապահովում է ամբողջ երկրի էներգամատակարարումը:
Այս անգամ շարքից դուրս է եկել 7-րդ էներգաբլոկը, որի հետեւանքով էլեկտրամատակարարումը խափանվել է: Ուստի, որոշվել է կանգնեցնել նաեւ 6-րդ եւ 8-րդ բլոկերի աշխատանքը, հայտնում է Conect.az-ը:
Ըստ Turan-ի աղբյուրի, հնացած սարքավորումները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը էլեկտրաէներգիայի սպառման աճի պատճառով:
22:30-ին Բաքվի էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Մինգեչաուրի 1, 2, 3, 4 եւ 5-րդ էներգաբլոկերն այժմ չեն աշխատում: Շտապ կարգով էլեկտրաէներգիա է ներմուծվում ՌԴ-ից: