ՌԴ–ում ՀՀ դեսպանատուն. Դմիտրի Սավելևը պետք է հասկանա, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառ կրակոց է
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը ՌԴ պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելևի կողմից Ադրբեջանում արված սադրիչ հայտարարության առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«Ղարաբաղյան հակամարտության հարցով օրերս ՌԴ պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելևի հայտարարությունը սոցիալական ցանցում ու լրատվամիջոցներում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։ Այդ առնչությամբ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին՝
Ռուս պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել և դրանք վերագրել հերթական պոպուլիստական ելույթներին, հատկապես ստեղծված այն բարդ իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումն այդքան կարևոր է դառնում։
Ռուս պատգամավորի խոսքերը չեն կարող ընդունվել զսպվածությամբ՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և շփման գծում սադրանքները, ինչի հետևանքով շարունակում են զոհվել առաջնագծում կանգնած մեր երիտասարդ զինծառայողները: Այդ հայտարարություններում ակնհայտ է դառնում նաև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ռուսական կողմի գործադրած երկար տարիների բազմակողմանի ջանքերի նկատմամբ երկրի բարձրագույն ղեկավարության արհամարհանքը։
Ռուս պատգամավորը պետք է հասկանա, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառ կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման վտանգները՝ սպառնելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Կարծում ենք, որ դրա հետ կհամաձայնեն նաև ռուս խորհրդարանականները, մասնավորապես՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում իրենց հայտարարություններում մշտապես հանդես են եկել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման և պահպանման կարևորությունից ելնելով»,–ասված է հայտարարությունում։