ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ. Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ դեսպանին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 3-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին:
Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է Facebook-ի իր էջում.
«Հանդիպման ընթացքում, երկուստեք վերահաստատեցինք հայ-ռուսական հարաբերություններում վստահության բարձր մակարդակի առկայությունն ու այն ոչ միայն պահպանելու, այլև շարունակաբար խորացնելու հանձնառությունը:
Համակարծիք էինք, որ մեր երկու երկրների հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ, և մեր առաքելությունն է տնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և մշակութային համագործակցության ընդլայնման միջոցով այդ ներուժը հետևողականորեն լրացնելը, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը:
Դեսպան Կոպիրկինը գոհունակությամբ մատնանշեց, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների շարունակականության ապահովումը:
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում»,-գրել է Արմեն Գրիգորյանը: