Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ. Համո Սահյան
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին.
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես' հողեղեն, հողոտ, հողածին: