Մեկնարկել է «Արի տուն-2018»-ը. ծրագրին մասնակցում է 61 հոգի
Այսօր մեկնարկել է սփյուռքահայ պատանիների հայրենաճանաչության «Արի տուն - 2018» 4 փուլից բաղկացած անցումային ծրագիրը: Այս մասին տեղեկացրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այսօր մեկնարկեց սփյուռքահայ պատանիների հայրենաճանաչության «Արի տուն - 2018» 4 փուլից բաղկացած անցումային ծրագիրը (հուլիսի 1-ից օգոստոսի 11), որն իրականացվում է այն մասնակիցների համար, որոնց չէր հաջողվել հետ վերադարձնել ավիատոմսերը կամ փոխել ժամկետները:
Ծրագիրը կազմված է երկու մասից` կրթական և ճանաչողական: Առաջինը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ: Իսկ ճանաչողական մասը նախատեսում է այցելություններ Հայաստանի պատմամշակութային և տեսարժան վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Երեխաները նաև կհանդիպեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ:
Այս ծրագրի առաջին փուլին մասնակցում է 61 հոգի 10 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իրաքից և ԱՄՆ-ից:
Ընդհանուր առմամբ, ծրագրին կմասնակցի ավելի քան 150 երիտասարդ»,-գրել է նախարարը:
Վերջինս հայտնել է նաև, որ ծրագիրն այս տարի իրականացվում է երեխաներին հյուրընկալող ընտանիքների և մի քանի կազմակերպությունների հետ համատեղ ջանքերով:
«Այս համատեքստում կցանկանայինք մի շատ կարևոր փաստ արձանագրել: Եթե չհաջողվեր բանակցությունների արդյունքում ներգրավել մեր գործընկերներին, ապա 2-ամգամյա սնունդը պետությանը կարժենար ավելի քան 6 մլն դրամ»,-հավելել է նա:
Նախարարը հիշեցրել է, որ օգոստոսի 10-24-ն իրականացնելու են «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն մի քանի հարյուր սփյուռքահայ պատանիներ և երիտասարդներ: