Հայտնի է ՌԴ-ում ողբերգական վթարի հետևանքով մահացած հայերի ինքնությունը
Հայտնի է Ռուսաստանում հուլիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած հայերի ինքնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մահացածներն են «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 37-ամյա Դավիթ Իսկանդարյանը, ուղեւորներ 35-ամյա Լիանա Սարգսյանը, 12-ամյա Ալիսան եւ 1-ամյա Աննան: Նրանք ընտանիքի անդամներ են: Վիրավորն է 8-ամյա Արեւիկ Իսկանդարյանը: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին ժամը 17:00-ին Լեւ Տոլստոյ - Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի էր ունեցել վթար. բախվել են «Volkswagen Passat» եւ «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենաները: «Volkswagen Passat»-ում Հայաստանի 5 քաղաքացիներ են եղել: Պատահարի հետեւանքով ընտանիքի 4 անդամները, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա, զոհվել են: Ընտանիքի հինգերորդ անդամը՝ 8-ամյա երեխան, տեղափոխվել է Լիպեցկի մարզային մանկական հիվանդանոց: