Իրանում ջրի պակասի պատճառով ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների (տեսանյութ)
Նախօրեին՝ հունիսի 30-ին, ջրի պակասի լպատճառով խաղաղ ցույցերը Խորեմշեհր քաղաքում վերածվել են ոստիկանների հետ ցուցարարների բախումների: Այս մասին հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ ցուցարարները իրավապահ մարմինների աշխատակիցների վրա քարեր ու շինարարական աղբ են նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Վնաս է պատճառվել մի քանի կառույցների, այդ թվում՝ Սրբազան պաշտպանության թանգարանին, որը նվիրված է Իրաքի դեմ 8-ամյա պատերազմին, և կամուրջներից մեկին:
Միաժամանակ, Twitter-ում տարածված տեսանյութերում կրակոցներ են լսվում և երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ փորձում թաքնվել իրադարձությունների վայրից: Ինչպես փոխանցում է AP-ն, իրավապահ մարմիններն, ամենայն հավանականությամբ, կրակել են ցուցարարների վրա: CNN-ն, իր հերթին, վկայակոչելով սոցցանցերի գրառումները, հայտնում է առնվազն մեկ զոհի մասին: Այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել պաշտոնական աղբյուրների կողմից: Այս պահին հնարավոր չի եղել անկախ աղբյուրներով հաստատել կադրերի հավաստիությունը: